Արմինֆո. Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր հարթակները Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար, որպեսզի այդ երկիրը ամենաբարձր գին վճարի Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելու համար։ Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ այսօր անցկացվում են Սումգայիթում հայերի ջարդերի 37-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները:
Հիշեցնենք, որ համալիրի տարածքում տեղադրվել են խաչքարեր ՝ ի հիշատակ անցյալ դարավերջին Ադրբեջանում տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունների անմեղ զոհերի:
Ստեփանյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ ժողովրդի հետ, միայն շարունակությունն է այն ողբերգությունների, որոնք տեղի են ունեցել 1988 թվականին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլուր: Իրավապաշտպանը համոզված է, որ հենց Ադրբեջանի անպատժելիությունն ու հայկական կողմի ոչ բավարար գործողություններն են հանգեցրել այսօրվա իրավիճակին:
"1990-ականների հաղթանակից հետո հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության աշխատանքը թերի էր և անբավարար։ Միգուցե այն ժամանակ, հաղթանակի էյֆորիայի ներքո, մեզ թվաց, որ արդեն ապահով ենք։ Միևնույն ժամանակ, Բաքվի ռեժիմն օգտագործել է բոլոր հնարավոր ուղիները ՝ իր պատումներն առաջ տանելու և հայկական ինքնության դեմ պայքարելու համար", - նշել է իրավապաշտպանը։
Ստեփանյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2023 թվականի սեպտեմբերից և դրանից առաջ ադրբեջանական բանտերում գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին շատ է խոսվել, հրապարակվել են բազմաթիվ զեկույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի հանցագործությունները։ Նրա խոսքով ՝ Ադրբեջանի հանցագործությունների վերջին ապացույցներից են քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վադրդանյանի վերջերս հրապարակված լուսանկարները, որոնք հստակ ցույց են տալիս խոշտանգումների հետքերը: Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչպես Վարդանյանի, այնպես էլ նրա պաշտպանի հայտարարությունը վերահաստատում է նախկինում հնչեցված բոլոր մտավախությունները:
"Կասկած չկա, որ իրավիճակը հստակ գործողություններ է պահանջում։ Մենք հապաղելու իրավունք չունենք, անհրաժեշտ է մոբիլիզացնել մեր բոլոր ջանքերը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, որպեսզի մեր հայրենակիցներին օր առաջ վերադարձնենք հայրենիք", - հայտարարել Է Ստեփանյանը։
Արցախի օմբուդսմենը ցավով արձանագրել է նաև Բաքվում տեղի ունեցող ապօրինի գործողությունների նկատմամբ հայ հասարակության պատշաճ ուշադրության բացակայությունը: Նա իր խոսքը հիմնավորել է այն հանգամանքով, որ միայն մի քանի ոչ անտարբեր քաղաքացիներ են այսօր եկել իրենց համերաշխությունը հայտնելու նրանց, ովքեր այսօր դատաքննության են ենթարկվում Բաքվում։ "Մարդիկ պետք է ձերբազատվեն անտարբերությունից և հասկանան, որ իրենք պայքարում են ոչ միայն առանձին մարդկանց, այլ բոլոր հայերի համար։ Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը կարող էր հայտնվել այնտեղ: Մի մոռացեք, որ բացի ռազմաքաղաքական ղեկավարությունից, այնտեղ են գտնվում առնվազն 19 այլ քաղաքացիներ, որոնք պատանդ են դարձել մարտի դաշտում, առևանգվել են իրենց տներից կամ Լաչինի միջանցքի Հակարի կամրջի վրա", - հիշեցրել է իրավապաշտպանը։