Արմինֆո.Հայաստանի Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել բացահայտ հակասահմանադրական օրինագիծ, որի ընդունման դեպքում քաղաքացիները կդառնան "տուգանքի մատերիալ": Նման գնահատականով է հանդես եկել սահմանադրական և վարչական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության նախաձեռնած և նախօրեին e-draft իրավական ակտերի միասնական պորտալում հրապարակված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծին։
Ինչպես նշել է իրավագետը, գործող կարգի համաձայն, տուգանքների բողոքարկումը վերադաս ատյանում կամ դատարանում կասեցնում է դրանց կատարումը։ Մինչդեռ, Արդարադատության նախարարությունը տարածել է նախագիծ, ըստ որի, տուգանքը, անկախ բողոքարկումից, ենթակա է վճարման։
«Այսինքն փորձ է արվում վերացնել վիճարկման հայցի, Վարչական դատարան դիմելու և առհասարակ արդարադատություն ակնկալելու իմաստը․այսինքն անձանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից։
Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, որի ընդունման դեպքում անձինք կա՛մ մարդիկ առհասարակ դադարելու են դիմել վարչական դատարան, կամ էլ ստիպված են լինելու տարիներով սպասել` իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու համար:
Այս նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, վերանալու է մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը, անձանց ստիպելու են ի սկզբանե վճարել անգամ առ ոչինչ և անվավեր հանդիսացող տուգանքները, պարզ ասած՝ թալանելու են։ Այս խայտառակությունը պետք է անհապաղ ետ կանչվի, իսկ նման գաղափար ծնածները ու հաստատածները այլ անելիք չունեն, քան հրաժարական ներկայացնելը», - գրել է Գրիգորյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ փաստաթղթին կից հիմնավորման համաձայն, ԱՆ-ը, մասնավորապես, առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը: Վերջինս ասում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ մինչև այդ գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
"Այդ նախագիծն իսկապես կարևոր հարցեր է բարձրացնում անձի իրավունքների պաշտպանության և սահմանադրության խախտումների վերաբերյալ", - իր հերթին՝ նշում է հարկային փորձագետ, Փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի խորհրդի անդամ Տիգրան Քեյանը: Այն փաստը, որ վարչական տուգանքը պետք է վճարվի անկախ բողոքարկումից, նշանակում է, որ խաթարվում է քաղաքացիների ՝ վարչական ակտերը բողոքարկելու և ապօրինի որոշումներից պաշտպանվելու իրավունքը: "Հատկապես, երբ խոսքը վերաբերում է տուգանքների չափին և օրինականությանը, այդ օրինագիծը կարող է քաղաքացիների համար դառնալ արդարադատությունից խուսափելու միջոց", - ամփոփում է նա: