Արմինֆո.2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Կրթության, գիտության, մշակույթի նախարար և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստորագրել են մշակութային ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակում որոշվել է Երևանում բացել Մարկոս Գրիգորյանի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ: Վերջինս գործելու է մշակույթի հուշարձանի կարգավիճակ ստացած շենքում, որը գտնվում է Հանրապետության 32 հասցեում։ Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը, թանգարանի բացումը, ինչպես այն ժամանակ նշել է ԿԳՄՍՆ ղեկավարը, կլինի նկարչի ստեղծագործական վաստակը մեծարելու լավագույն միջոցը: Համագործակցության շրջանակում քաղաքապետարանը եւ գերատեսչությունը կաջակցեն նաեւ Մարկոս Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմանը, որը կզուգադիպի նրա 100-ամյա հոբելյանին:
Նշենք, որ Մարկոս Գրիգորյանը իրանահայ նկարիչ է, Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը: Գրիգորյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 5-ին Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում ՝ հայ գաղթականների ընտանիքում։ 1930 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գրիգորյանն ուսանել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ 1954թ. վերադարձել է Իրան և պատկերասրահ բացել Թեհրանում: Արդեն 1958 թվականին կազմակերպել է Թեհրանի առաջին բիենալեն: 1977 թվականից ապրել է տարբեր երկրներում։ Իր մեծ թվով աշխատանքներ նվիրել է Հայաստանին, որտեղ բացել է Մերձավոր Արևելքի թանգարանը։
Գրիգորյանի աշխատանքներն այսօր պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում: