Արմինֆո.ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայ-ռուսական համալսարանի կառավարման, կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաև գործընթացները ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու ձգտումով: Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ազգամիջյան երկխոսության և փոխգործակցության զարգացման նպատակով համաձայնագրում ներառվել է դրույթ համալսարանի հիմքի վրա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին: Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ ՌԴ բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։ Գիտական, գիտատեխնիկական, նորարարական, փորձագիտական, փորձարարական, արդյունաբերագիտական գործունեության ֆինանսական ապահովումը հիմնվելու է նպատակային ֆինանսավորման աղբյուրների բազմաքանակության վրա և իրականացվելու է երկու երկրների ազգային ծրագրերին համապատասխան: Համաձայնագրում առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխան: Հստակ ձևակերպված են նաև համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները: