Արմինֆո. Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջները խոչընդոտ են հանդիսանում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ փետրվարի 25-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչները, քաջ գիտակցելով հայկական կողմի արձագանքը այդ պահանջներին, փորձում են խոչընդոտել երկրում սահմանադրական բարեփոխումների իրականացմանը: Եղոյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ն արդեն լիովին համաձայնեցված են: Մնում է լուծել միայն մնացած երկու հոդվածների խնդիրը, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի սահմանադրության հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանից ակնկալում է սահմանադրական փոփոխություններ, որոնք կարող են "վերացնել կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտը": Նա, մասնավորապես, նշել էր Հայաստանի հիմնական օրենքի այն դրույթները, որոնցում, ադրբեջանական կողմի կարծիքով, կա տարածքային պահանջների մասին դրույթ ։