Արմինֆո. Երեկ գիշերը Երևանի Լետոյի փողոցում տեղի է ունեցել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ բռնության հերթական դեպքը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։
Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։
37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին», - գրել է մամուլի քարտուղարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դատապարտել է տեղի ունեցածը, նշելով, որ բուժաշխատողների նկատմամբ ուժի և բռնության դրսևորումը օրենքի կոպիտ խախտում է և անընդունելի վարքագիծ: Նա համոզմունք է հայտնել, որ նմանօրինակ գործողությունները կարժանանան պատշաճ իրավական գնահատականի և հանրային դատապարտման: "Եվ ես հետեւողական կլինեմ այդ հարցում", - ընդգծել է Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթում սա Հայաստանում բուժաշխատողին ծեծի ենթարկելու երկրորդ դեպքն է։ Առաջինը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղում, երբ կանչով ժամանած բուժակի վրա հարձակվել էր բուժառուն, ինչի հետևանքով բուժաշխատողը հոսպիտալացվել էր