Արմինֆո. "Ֆրանսիան միակ արևմտյան երկիրն է, որը Հայաստանին պաշտպանական տեխնիկա է մատակարարում, բայց հուսով ենք, որ մյուսները կհետևեն այդ օրինակին", - հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ Հայաստանի Հանրային ռադիոյով հեռարձակված հարցազրույցում:
Նա նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցությունը 2025 թվականին իրականացվելու է երեք ուղղություններով: Առաջին հերթին, նա նշել է պաշտպանական տեխնիկայի մատակարարումը։ Հաջորդ ուղղությունը, ըստ նրա, լինելու է հայ զինծառայողների վերապատրաստումը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Ֆրանսիայում։ Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիան մտադիր է խորհրդատվական ծառայություններ տրամադրել Հայաստանի Պաշտպանության նախարարությանը՝ հայկական բանակը բարեփոխելու և հզորացնելու նպատակով:
Խոսելով Ֆրանսիայի հետ սպառազինությունների մատակարարման շուրջ բոլոր պայմանավորվածությունները չեղարկելու և պաշտպանական տեխնիկան վերադարձնելու անհրաժեշտության մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների վերաբերյալ Փարիզի դիրքորոշման մասին՝ Դեկոտինին հայտարարել է. "Փարիզի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը շարունակվում է և կշարունակվի նույն նպատակով՝ օգնել Հայաստանին պաշտպանելու իր տարածքը, բնակչությանն ու ինքնիշխանությունը":
Միևնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն, անշուշտ, մտահոգիչ են, բայց, այնուամենայնիվ, այսօր կարելի է խոսել տարածաշրջանում համեմատաբար կայուն իրավիճակի մասին: Այդ առնչությամբ դեսպանն ընդգծել է, որ դրանում կա նաև ԵՄ դիտորդական առաքելության մասնակի վաստակը, որի շնորհիվ մեկ տարվա ընթացքում սահմանին լուրջ բախումներ, վիրավորներ և մահեր չեն եղել:
"Բայց, բնականաբար, մտահոգվելու առիթ էլ կա, որովհետև, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, հակամարտությունը կարող է վերսկսվել ։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք համագործակցությունը պաշտպանական ոլորտում և աջակցություն ենք ցուցաբերում Հայաստանին խաղաղության հասնելու համար", - եզրափակել է դիվանագետը։