


Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Արցախյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Հիշողությունը մեր ուժն է դիմակայելու վերահաս վտանգներին, վերանորոգվելու կորուստների ցավից, խուսափելու անցյալի սխալներից, վերարժևորելու ներկան, հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին, պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար: Հիշողությունը առաջ գնալու մեր ուղենիշն է. Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին: Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,
չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը, թոթափելու անտարբերությունը,
հաղթահարելու վախերը, չկորցնելու զգոնությունը, անվրեպ հաշվարկելու վտանգները, կրկին հասնելու հաղթանակի: Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։ Մենք հիշում ենք», - ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:



