Արմինֆո.Վարչապետի աշխատակազմը նախատեսում է ձեռք բերել տեսակոնֆերանսների համար նախատեսված նոր սարքավորումներ: Այդ մասին որոշումն ընդունվել է փետրվարի 20-ին՝ կառավարության նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթին կից պարզաբանման մեջ, վարչապետի աշխատակազմի վարչական շենքի 3-րդ հարկի մեծ դահլիճում տեղադրված տեսակոնֆերանսների կապի համակարգը բարոյապես և տեխնիկապես մաշված է, իսկ տեղեկատվական տվյալների փոխանցումն իրականացվում է անլար կապով (Wi-Fi տեխնոլոգիա), ինչը լիովին չի ապահովում տեղեկատվության անվտանգությունը, անհասանելիությունն ու չտարածումը:
Վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածությունը բարելավելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել տեսակոնֆերանսկապի նոր համակարգ, որն ավելի ժամանակակից է և անվտանգության տեսանկյունից ավելի պաշտպանված:
Համակարգի ձեռք բերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ' " Գնումների մասին" ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: