Արմինֆո.ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կոչ է արել չշտապել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում:
«Շատ անհարմար բան ստացվեց… Նիկոլը, կատարելով իլհամի պահանջը, փորձում է հիմնավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, քանի որ «խմբի անդամներն իրար հետ չեն խոսում»։ Երեկ Սաուդյան Արաբիայում խոսել են ԱՄՆ ու ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Ըստ որոշ վերլուծությունների՝ քննարկվել են ոչ միայն Ուկրաինան, այլ Կովկասն ու Կենտրոնական Ասիան։
Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, որոնք կարող են կամ կործանել կամ փակված հուսո դռները բացել։ Այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել…», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Էր Ռիադում բանակցություններ են ընթացել Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև, որոնց կազմում էին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Բանակցությունները տևել են գրեթե հինգ ժամ։
Նշենք, որ միջազգային հանրության անգործության ֆոնին Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը ձգտում է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը միակ միջազգային ձևաչափն է, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ: Որոշակի ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ չէ Մինսկի խմբի լուծարմանը, եթե Ադրբեջանը չի ձգտում օգտագործել Մինսկի խմբի լուծարումը Հայաստանի Հանրապետության դեմ հետագա ագրեսիայի համար:
Անկախ փորձագետները դեմ են ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարմանը, համարելով, որ դա անշրջելի կդարձնի Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման գործընթացը: