Արմինֆո. Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի նախագահ Ռոբերտո Չիկուտոյի և գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի հետ։
Հայաստանի կինոյի հիմնադրամի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ընդգծվել է «Եվրիմաժ»-ի հետ համագործակցության հետագա ամրապնդման և շարունակականության ապահովման կարևորությունը։
Ներկայացնելով Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ծրագրերն ու առաջիկա նախագծերը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացմանն ուղղված իրավական դաշտի բարենպաստ փոփոխությունները։ Քննարկվել է նաև տարածաշրջանի երկրների համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակութային փոխանակումը և մեծացնել հետաքրքրությունը տարածաշրջանային կինեմատոգրաֆիայի հանդեպ:
Նշենք, որ "Եվրիմաժ"-ը համատեղ կինոարտադրության եւ կինեմատոգրաֆիական եւ տեսալսողական աշխատանքների վարձույթի աջակցության հիմնադրամ է, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդին առընթեր՝ 1988 թվականին, եւ ներկայումս ունի իր գործունեությանը մասնակցող 38 երկիր: Հայաստանը հիմնադրամի անդամ է դարձել 2016 թվականին։ Իր գործունեության շրջանակներում "Եվրիմաժ"-ն աջակցում է համաատեղ արտադրանքի ստեղծմանը, ֆիլմերի ներկայացմանը, կինոթատրոնային ցուցադրությանը եւ մասամբ փոխհատուցում է ֆիլմերի թվային ձեւաչափի փոխադրման ծախսերը:
Համատեղ արտադրության սուբսիդավորման համար ծախսվում է հիմնադրամի անդամավճարներից ստացվող միջոցների գրեթե 90 տոկոսը (մոտ 25 մլն եվրո): 1989թ.-ից «Եվրիմաժ»-ը մասնակցել է ավելի քան 1200 լիամետրաժ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ստեղծմանը՝ համատեղ արտադրությամբ: Դրանցից շատերն արժանացել են հեղինակավոր մրցանակների։ «Եվրիմաժ»-ի կողմից մեկ ֆիլմի ֆինանսավորումը կազմում է մինչև 20 տոկոս և բացարձակ արտահայտությամբ հասնում է 500 հազար եվրոյի։ Հայաստանը տարեկան 110 հազար եվրո անդամավճար է վճարում հիմնադրամին։
Հիշեցնենք, որ 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 842,2 միլիոն դրամ հատկացնել կինոարվեստի և կինոարտադրության զարգացմանն աջակցելու, հայկական ավանդույթների շարունակականության ապահովման և կինոարվեստի հանրահռչակման համար: Ծրագրի շրջանակում հատկացումներն ուղղվելու են ֆիլմերի արտադրությանը, կինոֆոտոֆոնոգրամայի պահպանմանը, թվայնացմանը, կինոարտադրական նախագծերին, միջազգային կինոնախագծերին մասնակցությանը (թողարկված ֆիլմերի քանակը նախատեսվում է հասցնել 18-ի, միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին, կինոծրագրերին մասնակցության թիվը ՝ 9):