Արմինֆո.Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթագազային ոլորտը, էներգետիկան և հումանիտար հարցերը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների կարգավորման, Արցախի գրավյալ տարածքներից Իրանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը:
Քննարկումներ են անցկացվել նաև Կասպից ծովում էկոլոգիական իրավիճակի բարելավման, ծովի աղտոտվածության կանխարգելման, ինչպես նաև Կասպից ծովի ավազանում համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցերի շուրջ: