Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային ՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում էՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը, Արամ Ա-ն մաղթել է, որ նրա իմաստուն ղեկավարության ներքո Սիրիայի պատմության մեջ նոր ու փայլուն էջ բացվի:
"Կաթողիկոսը նշել է, որ Սիրիայի ժողովուրդն անհամար դժվարություններ ու ծանր տառապանքներ է վերապրել, բայց համբերությամբ զինված դիմացել է։ Այդ առումով՝ նա հույս է հայտնել, որ Սիրիայի բոլոր քաղաքացիների իրավունքները կհարգվեն՝ առանց որևէ խտրականության", - ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրությունում:
Ահմեդ Հուսեյն աշ-Շարաան սիրիացի իսլամական է, Սիրիայում ջիհադական շարժման գործիչ, 2024 թվականի սիրիական ընդդիմության հարձակման առաջնորդներից մեկը, որն ավարտվեց նախագահ Բաշար Ասադի տապալմամբ։ Նա Սիրիայի փաստացի ղեկավար է նշանակվել ընթացիկ տարվա հունվարի 29-ին՝ անցումային շրջանի համար ։