Արմինֆո. Ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հաղորդել է Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բոյկոտելու հաջողության մասին:
Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը հաղորդել է, որ փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում քաղաքային բյուջե մի քանի անգամ ավելի քիչ գումար է մուտքագրվել ուղեվարձի համար, քան պետք է լիներ, ինչը վկայում է բոյկոտի արդյունավետության մասին: Նա ընդգծել է, որ իրենց նպատակն է ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավել այս արշավին։
"Մեր երկրի քաղաքացիները դեմ են այս թանկացմանը։ Մարդիկ մոտենում են մեզ կանգառներում և խնդրում միանալ մեր շարժմանը։ Անբարոյականություն է ինչ-որ դավադրության մասնակից անվանել այն մարդկանց, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում", - հայտարարել է Հակոբյանը։
Նա նաև հավելել է, որ այժմ իրազեկման ակցիաներ են անցկացվում ոչ միայն տրանսպորտում, այլև՝ Երևանի ուսումնական հաստատություններում: Հակոբյանն ընդգծել է, որ նման ակցիաները, պարտադիր չէ, որ խնդիրը լուծեն, սակայն հենց դրանք կարող են իրավական և քաղաքական հիմքեր ստեղծել, որպեսզի հանրությունը կարողանա ակտիվորեն հանդես գալ իր շահերի օգտին:
"Հիմա մենք մեկ խնդիր ունենք. չնվազեցնել տեմպը, շարունակել մեր տեղեկատվական ակցիաները, որովհետև մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ վարորդները սկսում են իրենց ագրեսիվ պահել, կանգնեցնում են մեքենաները և մարդկանց հրահրում կոնֆլիկտների", - եզրափակել է Հակոբյանը:
Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդել էր ավտոբուսի վարորդի և բոյկոտող ուղևորների միջև վիճաբանության մասին, որն ավարտվել էր վարորդին հարվաաաաածելով՝ ուղեվարձը վճարելու պահանջի պատճառով: Երևանի քաղաքապետարանում դատապարտել են բոյկոտողների կողմից նման գործողությունները։
Հավելենք, որ ՀՀ քաղաքացիներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով բողոքելու սահմանադրական իրավունք ունեն: Ավելին, նոր կանոնների համաձայն, տրանսպորտային միջոցի վարորդը չունի երթևեկության վճարի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն, և բոյկոտողների նկատմամբ որևէ պահանջ, իրավապաշտպանների կարծիքով, իրավաչափ չէ:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Երևանում ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագինը, որն այժմ կազմում է 150 դրամ ՝ 100 դրամի փոխարեն: Դրա հետ մեկտեղ քաղաքապետարանը մշակել է 30, 90 և 365 օրվա տոմսային փաթեթներ։ Երևանի ավագանու ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել այդ որոշումը՝ վճարելով նույն 100 դրամը։