Արմինֆո.Նորմատիվ բազաները և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը Եվրամիության և ԵԱՏՄ շրջանակներում, փոխադարձաբար բացառող բնույթ են կրում։ Այդ մասին փետրվարի 14-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ հարցը քաղաքական նախասիրությունները չեն, այլ՝ այն, որ բոլոր նորմատիվային բազաներն ու սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը Եվրոպական միության և ԵԱՏՄ շրջանակներում, փոխադարձաբար բացառող բնույթ են կրում։ Այս խնդիրը բարձրաձայնելուց խուսափելու, այն մթագնելու, այդ կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրականության ժխտում են։ Եվ, հնարավոր է, ինչ - որ չափով հենց նրանց ապատեղեկացում, ովքեր ստիպված կլինեն որոշում կայացնել", - նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ՝ անդրադառնալով Հայաստանի եվրոպական նկրտումների և ԵԱՏՄ-ին անդամակցության միջև հնարավոր հակասություններին։
Ընդ որում, նա փաստել է, որ, անշուշտ, խոսքը Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին է ։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ոչ մի դեպքում դա չի ժխտում։ "Սակայն, հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների, այլ ոչ թե Ռուսաստանի, ոչ թե ԵԱՏՄ-ի վրա է ընկած առանցքային պատասխանատվությունը՝ բնակչությանը նրանց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները պարզաբանելու համար։ Դա պետք է հասկանալ", - նշել է ռուս դիվանագետը։
Զախարովան նաև կարծում է, որ նման ճակատագրական որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ տանել երկրի հասարակության շրջանում և պարզաբանել ոչ միայն այն բանի նրբությունները, թե ինչ է լինելու, այլև՝ այլ պետությունների փորձը այս հարցում ՝ պատկերի ամբողջականությունն ապահովելու համար:
Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Որոշման օգտին քվեարկել է 63 պատգամավոր, դեմ ՝ 7-ը: