Արմինֆո. Ադրբեջանական "Թուրան" անկախ լրատվական գործակալությունը հայտարարել է իր ներկայիս ձևաչափով գործունեությունը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է գործակալության կայքում։
Նկատենք, որ ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը "Թուրան"-ի հետ համագործակցում էր դեռևս 1992 թվականից։
Լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ուղերձում, մասնավորապես, ասվում է. "Սիրելի ընթերցողներ, "Թուրան" լրատվական գործակալությունն արդեն ավելի քան երեսուն տարի անկախ լրագրության պատվար է Ադրբեջանում ՝ քաղաքական և տնտեսական անկայունության պայմաններում տրամադրելով անաչառ և հավաստի լուրեր: Ստեղծվել է 1990 թվականին՝ Խորհրդային Միության գոյության վերջին օրերին, մեր գործակալությունը հավատարիմ է մնացել անցումային շրջանի, պատերազմների և բարեփոխումների դժվարին ժամանակներում հանրային շահերի պաշտպանության գործին։
Սակայն այսօր մենք բախվում ենք անվիճելի իրականությանը. մշտական ֆինանսական դժվարությունների պատճառով մեր լրատվական գործունեությունը ներկայիս ձևաչափով շարունակելն անհնար է: Չնայած մեր անխոնջ ջանքերին ՝ ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ աշխատանքը շաաարունակելու համար, տարիների ընթացքում մեզ պատուհասած ֆինանսական դժվարությունները վերջապես ստիպեցին մեզ դժվար որոշում կայացնել՝ դադարեցնել գործակալության գործունեությունն իր ներկայիս ձևաչափով:
Սա մեր առաքելության ավարտը չէ, այլ, ավելի շուտ, զարգացման նոր փուլ։ Տեղեկատվական տարածքը սրընթաց փոխվում է, և մենք հասկանում ենք այդ փոփոխություններին հարմարվելու կարևորությունը ։ Առաջիկա ամիսներին մենք աշխատելու ենք նոր ձևաչափի վրա, որը, բացի լուրերի հեռարձակումից, վերլուծելու է աշխարհում, տարածաշրջանում և մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանելու է առանցքային խնդիրները և առաջարկելու է լուծումներ: Ժամանակակից լրագրության ապագան ոչ միայն իրադարձությունների լուսաբանումն է, այլև՝ հասարակական կարծիքի ձևավորումը:
Նահանջելով ներկայիս մոդելից ՝ մենք չենք հրաժարվում մեր հիմնական նպատակից. լինել անկախ ձայն, որն օգնում է մեզ հասկանալ ավելի ու ավելի բարդ աշխարհը: «Թուրանի» պատմությունը դեռ ավարտված չէ: Մնացեք մեզ հետ":