Արմինֆո. Այս պահի դրությամբ չկա որևէ պայմանավորվածություն, որ հայ մաքսավորները ստուգեն ադրբեջանական բեռները՝ Հայաստանի տարածքով դրանց անցնման դեպքում։ Այդ մասին փետրվարի 13-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվեն սահմանների ապաշրջափակման և տեխնիկական հարցերի լուծման շուրջ: Բանակցությունները, ինչպես նշել է պատգամավորը, շարունակվում են, և բոլոր նման հարցերը քննարկվում են։
Իր հերթին՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը համոզմունք է հայտնել, որ երկրի սահմաններով անցնող ցանկացած բեռ պետք է ենթարկվի մաքսային զննման: "Պետության համար կարևոր է իմանալ, թե ինչ է փոխադրվում երկրի տարածքով, և այդ պատճառով, կարծում եմ, որ բեռի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի ՀՀ մաքսային ծառայությունների կողմից", - ընդգծել է պատգամավորը, հավելելով, որ զննման համար առկա են բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր հայկական կողմի պատրաստակամության մասին՝ ապահովելու Ադրբեջանից Հայաստանի տարածքով բեռների անարգել փոխադրումը: "Սա քննարկվող տարբերակներից մեկն է՝ անարգել մուտք ու ելք ։ Բայց ոչ ոք չի ասել կամ քննարկել, որ դա պետք է տեղի ունենա առանց որևէ ստուգման: Դա մեզ համար անընդունելի է", - հայտարարել էր նա ։