Արմինֆո. ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին:
Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները:
Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը:
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել նաեւ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ:
Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:
Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների խորացումն Իրանի հետ:
ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը, որի ուղղությամբ առկա են բոլոր նախադրյալները:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ: