Արմինֆո. Մինչ Հայաստանում ներկայիս ղեկավարության իշխանության գալը արցախցիներն ապահով ապրում էին իրենց հայրենիքում: Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն այդպես է մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ "եթե արցախցիները հայրենիք էին ուզում, ապա կկռվեին դրա համար":
«Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք, եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք, եթե չհրահրեիք պատերազմ, եթե արդեն սանձազերծված պատերազմը շուտ կանգնեցնեիք, եթե Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք, եթե շրջափակման ընթացքը չվերածեիք Արցախի դատարկման պրոցեսի, եթե Արցախը չզրկեիք քաղաքական ու դիվանագիտական պաշտպանությունից, եթե էս կետերի գոնե մի մասն արած լինեիք, էսօր էս մարդիկ կապրեին իրենց տներում։
Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը՝ էսօր ասում եք «մնայիք ու կռվեիք», նախ՝ շատ լավ իմանալով, որ երկու օր շարունակ ծանր ու հերոսական կռիվներ են մղվել, շատ լավ իմանալով, որ պատերազմում կռվում է ոչ թե զինվորը, այլ՝ էդ զինվորին կռվի ուղարկող պետությունը։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, մենակ թողեց իր զինվորին ու իր հայրենակիցներին, ու այսօր սրանց ցինիզմը հերիքում է նրանց որևէ բանում մեղադրելու։ Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին՝ մեր շքեղ քաղաքներում, խաղաղ գյուղերում։ Անվտանգ ու ապահով ապրում էին։ Մինչև դուք եկաք», - գրել է Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե երբ կկարողանա վերադառնալ հայրենիք, հայտարարել էր, թե արցախցիներն "իրենք են լքել իրենց տները, թեև կարող էին մնալ և կռվել մինչև վերջ": Նա հայտարարել է, որ վերադարձը հնարավոր կլինի միայն անվտանգության ապահովման պայմանով, որը ձեռք կբերվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։