Արմինֆո.Մինչ Ադրբեջանը կեղծ նարատիվներ է հորինում և առաջ տանում, Հայաստանը հրաժարվում է Արցախի հարցում իր իրավունքներից, պատմական հիշողությունից և ժառանգությունից: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այդպես է արձագանքել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի տարածքային հավակնություններին:
Հայրապետյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ իր ելույթում Ասկերովը հայտարարել է ադրբեջանցիների՝ մեքենաներով "իրենց հայրենիք վերադառնալու" մտադրության մասին ՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը։ «Այնտեղ գնալուց և այնտեղ ապրելուց հետո մեր հայրենակիցները կաշխատեն Հայաստանի պետական և ուժային կառույցներում, կընտրվեն նաև խորհրդարանի պատգամավորներ։ Ինչու՞ ոչ։ Մենք կվերադառնանք այնտեղ, կվայելենք բոլոր քաղաքական ու իրավական ազատությունները։ Մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե որպես հյուրեր, այլ որպես տեղաբնակներ»,- հայտարարել է Զիյաֆեթ Ասկերովը։
Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ, այդ հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում հորինում են գոյություն չունեցող իրավունքներ, կեղծ ու անհեթեթ օրակարգեր, սկսում դրանք շահարկել՝ մնալով անպատասխան։ «Իսկ զուգահեռ իրականության մեջ Հայաստանում հրաժարվում են առկա, անքննելի, բոլորի համար ընկալելի իրավունքներից, Արցախի հարցում մեր ողջ պատմությունից ու ժառանգությունից՝ արդյունքում ստանալով ավելի ու ավելի հանդուգն Ադրբեջան», - գրել է ադրբեջանագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: