Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով ավելի վաղ հեռացվել էր կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության շարքերից, նոր քաղաքական ուժ է հիմնել՝ "Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն": Այսօր Երևանում կայացել է դրա առաջին համագումարը։
Լրագրողների հետ զրույցում Աղազարյանը նշել է, որ իր հիմնած քաղաքական ուժի հիմնական նպատակը գործող վարչապետի դեմ պայքարն է: "Մենք պայքարելու ենք, որպեսզի առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում Փաշինյանը չվերընտրվի կամ չդառնա Հայաստանի վարչապետ",- ասել է նա:
Աղազարյանը նաև հաղորդել է, որ կուսակցությունն ինքը հիմնել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից նույնպես հեռացված ԱԺ մեկ այլ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ համատեղ:
"Ձեզ հայտնի հանգամանքները, որոնցում մենք հայտնվել ենք, մեզ դրդեցին գնալ այդ քայլին, որովհետև մենք չկարողացանք այլ ձևաչափ գտնել, նպատակահարմար չէր միանալ այս կամ այն քաղաքական ուժին։ Հիմա մենք հնարավորություն կունենանք հենց այս տեսքով մեզ ներկայացնել ժողովրդին", - ասել է նա։
Ասլանյանն, իր հերթին, խոստովանել է, որ ինչպես ինքը, այնպես էլ Աղազարյանը նախկին կուսակիցների կողմից ենթարկվել և շարունակում են ենթարկվել լուրջ ճնշումների: "Ես և Հովիկ Աղազարյանն ամեն ինչ արել ենք "Քաղաքացիական պայմանագրում " առողջ և ազատ մթնոլորտ ապահովելու համար։ Ցավոք, մեզ չհաջողվեց դուրս գալ "ուսապարկի մտածելակերպից"։ Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական ավարտին, և այսօր մենք ունենք մեկ անձի իշխանություն։ "Քաղաքացիական պայմանագրի" թիմ այլևս գոյություն չունի, որովհետև մի խումբ մարդիկ, որտեղ ամեն ինչ արվում է մեկ մարդու կամքով, չեն կարող համարվել թիմ", - ասել է պատգամավորը, հավելելով, որ ինքն ու Աղազարյանը ստեղծել են նոր քաղաքական ուժ՝ Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազյարյանը "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության շարքերից հեռացվել էր անցած տարվա աշնանը՝ այն բանից հետո, երբ հրաժարվել էր վարչապետի պահանջով վայր դնել պատգամավորական մանդատը: Անկախ փորձագետներն արդեն վարչապետի այդ քայլն անվանել են միջամտություն հանրապետության անկախ օրենսդիր մարմնի գործունեությանը։ Իսկ Ասլալյանն իշխող ուժից հեռացվել է իր կուսակից Աղազարյանին պաշտպանելու համար։