Արմինֆո. Ադրբեջանը նախատեսում է միջազգային դատարան դիմել Ռուսաստանի դեմ հայցով՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտակայքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA պետական գործակալությունը։ Հիշեցնենք, որ աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 29-ը վիրավորվել է:
Ավելի վաղ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը, որտեղ նշվում էր Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 օդանավում արտաքին ազդեցության մասին, որից հետո գործել էր ավտոպիլոտի անջատման ազդանշանը: Երկրորդ արտաքին ազդեցությունից հետոա անձնակազմը հաղորդել էր հետևի նստատեղերի շրջանում պայթյունի և օդանավի կառավարման կորստի մասին։ Գրոզնիում վայրէջքի անհաջող փորձերից հետո որոշում էր կայացվել ուղևորվել Ակտաու, որտեղ արտակարգ վայրէջքի փորձի ժամանակ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել:
Այդ առնչությամբ «Ռոսավիացիա»-ից հաղորդել էին, որ Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության Embraer 190 օդանավին առնչվող ավիավթարի հետաքննության վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հրապարակած նախնական զեկույցը չի պարունակում կատարվածի պատճառների մասին եզրակացություններ: Հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն, և տեղի ունեցածի վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն արդեն եզրափակիչ զեկույցում:
"Ընդ որում, նախնական հաշվետվությունը հաստատում է, որ օդանավում առկա են արտաքին ներգործության հետևանքով առաջացած վնասվածքներ։ Ընդ որում, հաշվետվությունում արտացոլված չէ, որ ղազախական կողմը նույնականացրել է օդանավում գտնվող կողմնակի առարկաները, իսկ Ռուսաստանի Դաշնությունը մինչ այժմ նման հնարավորություն չի ունեցել, քանի որ նրան չեն հանձնել այդ տարրերը՝ փորձաքննության համար:
Հենց անձնակազմն էր ընտրել վայրէջքի համար պահեստային օդանավակայանը՝ ինքնուրույն ընտրելով Ակտաուն։ Անձնակազմը չի օգտվել ռուսական դիսպետչերների առաջարկած Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի այլընտրանքային օդանավակայաններից՝ չնայած ինքնաթիռն ընդունելու այդ օդանավակայանների տեխնիկական պատրաստակամությանը:
Օդանավում թռչունների հայտնվելու և թթվածնի բալոնի պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է Embraer-ի անձնակազմից: Հենց AZAL - ի օդաչուներն են այդ տեղեկությունը փոխանցել ռուս դիսպետչերներին", - ընդգծվում է «Ռոսավիացիա»-ի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում շարունակում են մերկապարանոց մեղադրել ռուսական կողմին ողբերգության համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ողբերգության պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա, և պահանջել է Մոսկվայից ընդունել մեղքն ու պատժել մեղավորներին:
Հատկանշական է, որ ավիավթարի պատճառների մասին Ղազախստանի նախնական հածվետվության հրապարակումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար Է հատկացրել երկրի Էներգետիկայի նախարարությանը ՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումներ գնելու եւ որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա ուղարկելու համար: