Արմինֆո. Օտտավայի Կարլտոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի «Արևելյան Եվրոպայի և անդրատլանտյան ցանց» նախաձեռնությունը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների թեմայով։
Կանադայում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով` ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, ՀՀ կողմից ձեռնարկվող ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Ադրբեջանի շարունակական խոչընդոտները և ոչ կառուցողական դիրքորոշումը։ Այս համատեքստում ընդգծվել են արցախահայության իրավունքների, այդ թվում՝ վերադառնալու իրավունքի ապահովման, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։
Դեսպան Հարությունյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ Կանադայի գործուն աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին և ՀՀ տարածքային ամբողջականությանը:
Անդրադառնալով Հայաստանի՝ անմիջական հարևանների հետ հարաբերություններին և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդրին՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Միջոցառմառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Կանադայի դեսպանը: Քննարկմանը մասնակցել են նաև այլ դիվանագետներ, Կարլտոնի ու Օտտավայի համալսարանի դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև փորձագետներ։ Առցանց հեռարձակումը թույլ է տվել բոլոր հետաքրքրվողներին մասնակից լինել քննարկմանը։