Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարել Երևանի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ: «Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Եվրասիական տնտեսական միությունը գործում է և մենք աշխատում ենք դրա շրջանակներում», - Հայտարարել է Փաշինյանը՝ Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում իր ելույթի ժամանակ։
«Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։
Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն։
Գիտեք, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և անցած տարի Եվրամիության հետ մեր հարաբերություններում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Սկսած 2022 թվականից քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանին, և սա առաջին անգամն է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգում։ Մենք զարգացնում ենք համագործակցությունը Եվրամիության հետ։ Վերջերս մեկնարկեցինք վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և հույս ունենք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ։
Եվրամիությունը կայացրել է ևս մեկ շատ կարևոր որոշում՝ ներառելով Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամում, ինչը նույնպես շատ կարևոր քաղաքական որոշում է։ Վերջերս մենք ստորագրեցինք Ռազմավարական համագործակցության կանոնադրությունն ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես շատ կարևոր որոշում է։ Մենք հույս ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել։
Մենք ակտիվորեն աշխատում ենք արտաքին քաղաքականության առումով, և բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության իրագործումը պրոցեսի մեջ է: Ես կարծում եմ` մենք դա անում ենք բավականին արդյունավետ կերպով։ Անկեղծ ասած, կարող եմ ասել, որ չնայած բոլոր մարտահրավերներին, մենք ի վիճակի ենք եղել բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը, և ես սովորաբար ասում եմ, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր, ինչը շատ կարևոր է։ Այն մեզ համար բացում է նոր հնարավորություններ, բայց մյուս կողմից, իհարկե, բերում է նոր մարտահրավերներ։
Ակնհայտորեն, այս օրերին միջազգային քաղաքականության մեջ կան բազմաթիվ մարտահրավերներ, մասնավորապես՝ Հայաստանի համար, ինչը մենք զգում ենք, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ բացվում են նոր հնարավորություններ, և մեր առաջադրանքն է կառավարել բոլոր մարտահրավերներն ու օգտվել հնարավորություններից այնքանով, որքանով հնարավոր է։
Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է։ Սա շատ կարևոր է և միջազգային հանրությունն ընդունում է այս փաստը։ Կարծում եմ` այս հանգամանքը, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, շատ կարևոր ազդեցություն ունի մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետև երբ երկիրը ժողովրդավարական է, ակնհայտորեն այն փորձելու է խորացնել համագործակցությունը մյուս բոլոր ժողովրդավարական երկրների հետ, և մենք հույս ունենք մեր այս ձգտումը երկկողմանի կլինի։ Փաստացի մենք դա տեսնում ենք և գնահատում։ Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Իհարկե, ինչպես ամենուր, ժողովրդավարությունը բերում է մարտահրավերներ, բայց նաև բացում է հնարավորություններ, և մենք փորձում ենք կառավարել բոլոր մարտահրավերները, այդ թվում` ներքին, և օգտագործել բոլոր հնարավորությունները մեր երկիրը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում պահելով առաջին հերթին անվտանգային օրակարգը։
Բայց որպես անվտանգության ամենակարևոր շարունակություն մենք տեսնում ենք բարգավաճումն ու երջանկությունը, ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների հաջողությունը։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք զգան, որ ժողովրդավարությունն իրապես գործոն է, որն ունակ է ապահովել անվտանգություն, բարգավաճում, ավելի ու ավելի հնարավորություններ բոլոր քաղաքացիների ու Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար։ Մենք հույս ունենք, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ներդրումների, ապրելու, այցելելու համար։ Սա է մեր քաղաքականությունը, որ մենք փորձում ենք առաջ տանել», - ըստ կառավարության հաղորդագրության՝ հայտարարել է Փաշինյանը: