Արմինֆո. Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Նրա ասելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ փոխկապակցված "Caliber.az" կայքի տեսանյութը հերթական անգամ խեղաթյուրում է տարածաշրջանի ողջ պատմությունը՝ նպատակ ունենալով տարածքային նկրտումներ հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի նկատմամբ: "Դա պարզապես քարոզչություն չէ, որը կարելի է անտեսել, դա պետական քաղաքականություն է։ Այն, որ Թավրիզը ներկայացված է որպես հինավուրց ադրբեջանական քաղաք, առկա է նաև ադրբեջանական դասագրքերում, այն, որ Հայաստանի տարածքը ներկայացված է որպես "Արևմտյան Ադրբեջան", նույնպես առկա է դասագրքերում և պետական գերատեսչական կայքերի քարտեզներում", - նշել է փորձագետը։
Նա հավելել է, որ մնում է համոզված, որ Ադրբեջանի ղեկավարության վարած ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների համար: "Հայաստանը, պարզապես, "հարմար" թիրախ է։ Ալիևը չի հանդգնում աղմուկ բարձրացնել Իրանի վերաբերյալ, բայց նրա քաղաքականությունը տարբեր մեթոդներով առաջ է մղվում", - գրել է Հայրապետյանը։