Արմինֆո. Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը հիմնավորված է, քանի որ ծառայությունների որակը զգալիորեն բարելավվել է։ Այդ մասին փետրվարի 4-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։
Նրա խոսքով՝ ծառայությունների նոր որակը մշտապես հանգեցնում է դրանց նոր գների։ Պատգամավորն ընդգծել է, թե այն մարդկանց մեջ, ովքեր բոյկոտում են կամ տրանսպորտի նոր գնի կիրառումը բոյկոտելու կոչ են անում, ինքն անապահով մարդկանց չի տեսել: Ամեն դեպքում, պատգամավորի ասելով, անապահով խավերի համար կիրառվում է ուղեւորության արտոնյալ համակարգ։ Տիգրանյանը նշել է, որ, հիմնականում, դժգոհություն են ցուցաբերում տարեց մարդիկ, որոնց համար նորույթ է նոր տեխնոլոգիաների կիրառումը: "Այս փաստը ժամանակի հարց է, և հարցը լուծում կգտնի մոտ ապագայում", - ընդգծել է Տիգրանյանը:
Նա հավելել է, որ այս ամենը ոչ մի կապ չունի բոյկոտի հետ, որն, ըստ էության, քաղաքական ակցիա է, որի հետևում կանգնած են քաղաքական ուժերն ու նրանց աջակցող խմբավորումները: Իսկ իրական դժգոհությունը, ինչպես նշել է Տիգրանյանը, կարող է կապված լինել նոր տեխնիկայի կիրառման մասին գիտելիքների պակասի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Երևանում ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագինը, որն այժմ կազմում է 150 դրամ ՝ 100 դրամի փոխարեն: Երևանի ավագանու ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել այդ որոշումը ՝ կոչ անելով քաղաքի բնակիչներին վճարել նույն 100 դրամը ։ Այս կոչին աջակցել են, հիմնականում, կենսաթոշակային տարիքի անձինք ։