Արմինֆո. Չի կարելի "բազար" վարել Հայաստանի քաղաքացիների հետ։ Այդ մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեկնաբանելով տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150 դրամ բարձրացնելու Երեւանի քաղաքապետարանի որոշումը։
Պատգամավորը նշել է, որ եթե լուծվեին Երևանի բնակիչների և հյուրերի սոցիալական խնդիրները, իսկ տրանսպորտն աշխատեր հստակ և ժամանակացույցով, կարելի էր գնահատել հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագնի կիրառումը: Սակայն այն պայմաններում, երբ սկզբում քաղաքի իշխանությունները սակագինը բարձրացրին երեք անգամ ՝ 100 դրամից մինչեւ 300 դրամ, որից հետո հետ քայլ արեցին, սայմանելով 150 դրամ, հանգեցրել է խնդիրների ի հայտ գալուն։ Այս իրավիճակում, ինչպես նշել է պատգամավորը, կարող են լռել պատգամավորները, բայց բնակիչները պետք է իրենց ձայնը բարձրացնեն այս նորամուծության դեմ, հատկապես՝ այն պայմաններում, երբ ստիպված են շատ երկար սպասել ավտոբուսներին կամ տրոլեյբուսներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Երևանում ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագինը, որն այժմ կազմում է 150 դրամ: Երևանի ավագանու ընդդիմությունը ուղևորներին կոչ է արել բոյկոտել այդ որոշումը՝ վճարելով նույն 100 դրամը: