Արմինֆո. Երկրում իրավիճակի զարգացմանն ուշադրություն դարձնելու կոչով երկրներին և միջազգային կազմակերպություններին է դիմել ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ, Երեւանի ավագանու ընդդիմադիր
անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի Եվրամիություն։
Ամեն տեղ ժողովրդին թալանելով, թալանի նոր միջոցներ հայտնագործելով,
փորձում են փրկօղակներ գտնել ու դրա համար ընդդիմադիր ձայնը պետք է լռեցնեն ամենուր։
Մարդու իրավունքների, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների պաշտպան կազմակերպություններ, երկրներ, միջազգային կառույցներ... ու՞ր եք», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի 150 դրամ նոր սակագինը, ծայրահեղ լարված իրավիճակ է ստեղծվել։ Քաշքշուկի արդյունքում գործին միջամտել է ոստիկանությունը, որը նիստերի դահլիճից բռնի ուժով դուրս է բերել ավագանու ընդդիմադիր անդամներին։