Արմինֆո. Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բացել է Պանդորայի արկղը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Մեծ ուշադրությամբ հետևում եմ Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության արձագանքներին։ Ու ցավով պետք է նշեմ, որ Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը։
Վերջին օրինակներից մեկը, թերևս, «Վեստնիկ Կավկազա» YouTube-ալիքում լույս տեսած հերթական հաղորդման շրջանակներում ազգությամբ ադրբեջանցի լրագրող Էլմար Գուսեյնովի և ադրբեջանական նարատիվների լոբբիստ Մաքսիմ Շևչենկոյի քննարկումն էր այդ թեմայով։
Հաղորդման առաջին իսկ րոպեներին հնչում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ու հղվելով Հայաստանի ղեկավարի հայտարարության մեջ եղած հարցադրումներին, բանախոսները փորձում են բովանդակություն տալ իրենց կեղծ թեզին, թե իբր դա հայ ազգի հորինած առասպելն է։
Կան հարցեր, որոնց քննարկումը, հարցականի տակ դնելը ջախջախում է խնդրի էությունը։ Այս պարզ ճշմարտությունը հասկանում են բոլորը, և հենց այդ պատճառով համաշխարհային պատմագրությամբ հաստատված Հայոց ցեղասպանության թեման հայ հասարակության մեջ երբեք չի եղել քննարկման առարկա, բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները փորձում են փոխել բնական իրավիճակը», - գրել է Մարոուքյանը։
Հիշեցնենք,որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության փաստը: "Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ըննկալել. Ինչպե՞ս եղավ, որ 1939 թվականին չկար Հայոց ցեղասպանության օրակարգ, իսկ ահա 1950 թվին այն հայտնվեց: Թե ինչպես է դա տեղի ունեցել, մենք պետք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք", - նշել էր Հայաստանի վարչապետը։
Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նա, ըստ երեւույթին, կամ տեղյակ չէ, որ «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ է դրվել ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի կողմից՝ միայն 1944 թվականին, կամ էլ միտումնավոր կերպով փորձում է ստեղծել պատում այն մասին, որ "այդ հարցն արհեստականորեն բարձրացվել է Խորհրդային Միության կողմից՝ Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու համար"։