Արմինֆո. Հայաստանում հերթական սկանդալն է սկսվել այն բանից հետո, երբ "Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն" ՀԿ-ը Fcebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մի խումբ ադրբեջանցիներ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգում են "Ղարաբաղ" երգը:
Քաղաքացիները վրդովմունքն են հայտնում այն առնչությամբ, որ ադրբեջանցիներն իրենց այդպես լկտիաբար են պահում Երևանի կենտրոնում, և շրջապատում չկա որևէ իրավապահ, որ կարգի հրավիրի նրանց:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով տեսանյութը՝ նշել է. «Հրապարակում երգվող երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչները անգիր գիտեն ու նաև ադրբեջանական թիվիներ նայող միջին վիճակագրական թավրիզցին գիտի՝ ոչ շատ ընտիր ու ոչ առանց սխալների։
Ժամանակին մեզ համար էին նաև երգում Թավրիզի փողոցներում՝ որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։ Մի քանի տարի առաջ նույնիսկ նկարել ենք ու պիտի որ մնացած լինի։ Բայց էստեղ հարցը նրանում է, թե ով է էս մարդկանց հանձնարարել, որ գան ու Երևանի հրապարակում սա երգեն։ Քիչ է հավանական, որ պատահականություն լինի», - գրել է փորձագետը։
Ավելի ուշ Տոնոյանն այդ իրավիճակի վերաբերյալ եւս մեկ գրառում է կատարել. «Քանի որ մերձիշխանական ինչ-որ շրջանակներ սկսել են օգտագործել իմ անունը ու վերջին գրառումը՝ իրենց հատուկ ոճով հանրային թմբիր ապահովելու համար ու ստեղծելու «ծափ ու ծիծաղ, կանաչ գարուն» տրամադրություն, որոշ հստակեցումներ անեմ իմ վերջին գրառման կապակցությամբ՝
1. Երևանի հրապարակում լսվող երգը պարսկերեն չէ, ինչպես ոմանք տարածում են։ Այն ադրբեջաներեն է, գրվել է Ադրբեջանում ու ծնունդ է Խորհրդային Ադրբեջանի կիսաաշուղական միջավայրի։
2. Երգողները մեծ հավանականությամբ Իրանի քաղաքացիներ են, որոնք, ըստ տեղային (լոկալ) պատկանելության Իրանի հյուսիսային թյուրքախոս նահանգներից են:
3. Երգողների Իրանի քաղաքացի լինելը, և ոչ թե ասենք Ադրբեջանի, չի նշանակում, որ տեղի ունեցածը նորմալ է ու չկա դրանում անհանգստանալու որևէ բան։ Կան բազմաթիվ հարցեր Երևանի հրապարակում նման երգի կատարման մոտիվացիաների, հնարավոր պատվիրատուների մասով։
4. Բացառված չէ, որ Երևանի հրապարակում կատարվածը տեղի է ունեցել Թուրքիայի և/կամ Ադրբեջանի պատվերով, որի նպատակներից է եղել ինչպես հանրային խուճապի տարածումը, ՀՀ-ում անանվտանգության զգացողությունը խորացնելը, այնպես էլ Հայաստան-Իրան հարաբերությունները թիրախավորելը»։