Արմինֆո. ՀԱՊԿ-ի գործողության գոտու կովկասյան տարածաշրջանում շարունակում է պահպանվել անկայուն իրադրությունը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
"Շարունակվում է դրա կարգավորման գործընթացը, որի կենտրոնական կողմն է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։ Տարածաշրջանում լարվածությանը նպաստում են Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու Արեւմուտքի փորձերը", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել է Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի վրա էական ազդեցություն է գործում Մերձավոր Արևելքում բարդացող իրադրությունը, ինչպես նաև նրա տարածքից ահաբեկչության արտահանման սպառնալիքը: "Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, չնայած Աֆղանստանում հայտնի դրական փոփոխություններին, անկայունության հիմնական աղբյուրը մնում է կազմակերպության անդամ պետություններին սպառնացող վտանգը, նրա տարածքից ծայրահեղական գաղափարախոսության, ահաբեկչության եւ հանցավոր նարկոթրաֆիկի տարածումը", - շարունակել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը:
"Այդ ամենը վկայում է այն մասին, որ գլոբալ աշխարհակարգի խորը եւ արագ վերափոխման պայմաններում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրությունը եւ դրա փոփոխությունների դինամիկան պահանջում են մեր մեծ ուշադրությունը եւ համարժեք ու արդյունավետ արձագանքելու պատրաստակամությունը", - եզրափակել է Սերդյուկովը: