Արմինֆո. Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ողջ աշխարհի օգնությունն ու աջակցությունը։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում իր ելույթում:
Նրա խոսքով ՝ աշխարհի բոլոր ժողովուրդներն ու երկրները ստիպված կլինեն որոշակի գին վճարել նոր աշխարհակարգի հաստատման դիմաց։ Հայերն այդ գինը վճարել են՝ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելով, իսկ հետո՝ նացիզմի դեմ պայքարում ավելի քան 300 հազար զինվորների կյանքի գնով ։ "Այդ ամենը այն գինն էր, որը մենք վճարեցինք նախկին աշխարհակարգի հաստատման համար ։ Մենք նաև շատ բարձր գին վճարեցինք նոր աշխարհակարգի համար, երբ 2020 թվականին բախվեցինք Լեռնային Ղարաբաղում հերթական ադրբեջանական ագրեսիային, ապա՝ նաև էթնիկ զտումներին ։ Դա չափազանց բարձր գին է մեր ազգի համար։ Մենք բոլորս այստեղ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ ենք, և մենք շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած օրենքի կենտրոնում պետք է լինի մարդը, այն նույն մարդը, ով հավատում է օրենքի ուժին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հավատում էր միջազգային իրավունքի ուժին, բայց, ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարությունն ու աշխարհը խաբեցին ու դավաճանեցին նրանց ՝ միայնակ թողնելով բռնակալների դեմ պայքարում: Աշխարհը չպետք է թույլ տա պատմության կրկնություն։ Նոր աշխարհակարգը պետք է հիմնված լինի արժեքների և օրենքների վրա, այլ ոչ թե՝ նավթի և աշխարհաքաղաքական շահերի: Կարող եք ասել, որ ես երազող եմ, բայց հավատում եմ, որ միակը չեմ: Աշխարհում չկա մի օրենք, որը կարող է արդարացնել Բաքվում հայերի կալանավորումն ու նվաստացումը։ Աշխարհում չկա օրենք, որը կարող է արդարացնել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումն իրենց հայրենիքից ։ Աշխարհում չկա օրենք, որն արդարացնի Ադրբեջանի կողմից ամենօրյա վտանգի, սպառնալիքների և ատելության մթնոլորտում ապրելը ։ Մենք ՝ հայերս, քրիստոնեական աշխարհի պահապաններն ենք։ Մենք չպետք է մենակ լինեինք", - նշել է խորհրդարանականը։