Արմինֆո. Չկատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից որեւէ մեկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է կատարել այդ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները, այն էլ ՝ խեղաթյուրված տարբերակով։
Ադրբեջանի նախագահը փորձում է Հայաստանից արտատարածքային միջանցք ստանալ Սյունիքով՝ սպառնալիքների և շանտաժի միջոցով ՝ միջազգային հանրության լռության ֆոնին։
"Ադրբեջանի առաջ քաշած տրանսպորտային նախագիծը՝ "Զանգեզուրի միջանցքը", ներառվել է միջազգային օրակարգում ։ Այսօր "Զանգեզուրի միջանցքն" արդեն աշխարհում ընդունված արտահայտություն է, տերմին, և մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում այն բացելու համար", - ըստ "Թուրան"-ի՝ հայտարարել է Ալիևը՝ տրանսպորտի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
"Պետք է լինի հարմարավետ և ազատ երթևեկություն Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց որևէ ստուգման և խոչընդոտի։ Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Եվս մեկ անգամ ասում եմ. մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք ։ Սակայն Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անարգել անցում Ադրբեջանից Ադրբեջան", - ասել է Ալիևը։
Անդրադառնալով Հայաստանի նախաձեռնած "Խաղաղության խաչմերուկ" նախագծին՝ նա հասկացրել է, որ այդ գաղափարն իրագործելի չէ։ "Այս, այսպես կոչված, նախագիծն առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի. եթե դուք իսկապես ցանկանում եք այդ նախագիծն իրականացնել, ապա, առաջին հերթին, պետք է դիմեք Ադրբեջանին, որովհետև առանց մեզ դա, պարզապես, թղթի կտոր է: Իսկ մեր պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա", - ասել է Ալիևը, ով յուրօրինակ պատկերացումներ ունի միջազգային իրավունքի վերաբերյալ, ինչի մասին վկայում են Բաքվի բանտերում գտնվող հարյուրավոր քաղբանտարկյալները։
Նշենք, որ Հայաստանը եռակողմ հայտարարության շրջանակներում պարտավորվել է Ադրբեջանին տրանսպորտային երթուղի տրամադրել իր տարածքով ՝ մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին միացնելու համար ։ Սակայն, ուժով կլանելով Արցախը, միջազգային հանրության անգործության ֆոնին, Ալիևը որոշել է Հայաստանից ստանալ արտատարածքային միջանցք ։