
Արմինֆո. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի մասին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար:
«1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով», - գրել է փորձագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Փաստաբան Աշոտ Սիմոնյանըն, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել քրեական վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա նույնպես հիշեցրել է Հայաստանում Ցեղասպանության փաստի հերքման համար քրեական պատասխանատվության առկայության մասին։ «Սույն արարքը քրեորեն պատժելի նաև Շվեյցարիայում: Ավելին, այնտեղ պատժվել կամ պատժվում են հիմնականում ազգությամբ թուրքերը՝ հասկանալի պատճառներով: Ելնելով վերոգրյալից, պահանջում եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում և վերջինիս ենթարկել քրեական պատասխանատվության», - գրել է փաստաբանը:
Այդ առնչությամբ նա հիշեցրել է. «2025 թվականի հունվարի 25-ին, կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ տիտղոսային վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, նշել է. «Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն առաջ մղելու հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առանձնաշնորհը չէ: Այնուհետև նա կրկնել էր Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշված պատումներն այն մասին, թե այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները։ Փաստորեն, այդ հայտարարությամբ Միրզոյանը վերահաստատել էր փորձագետների մտավախություններն առ այն, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչի կգնան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ընդ որում, ոտնահարելով սեփական ազգային շահերը, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով։