Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ բռնության գործադրմամբ:
Հակակոռուպցիոն դատարանում դատախազը մեղադրանք է առաջադրել, ըստ որի, Օհանյանը 2008 թվականին, լինելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հետ համաձայնության գալով, կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտ դուրս գործողություններ, ինչն ակամայից հանգեցրել է ծանր հետևանքների: Այդ արարքի համար նախաաատեսվում է 4-8 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածի դրույթը, որով անցնում էին մեղադրյալները: Առաջին երկու դատական ատյանները դադարեցրել են ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ կրկնակի քննության, պատճառաբանելով, որ Քրեական օրենսգրքի դրույթները սխալ են մեկնաբանվել, և մեծ թվով տուժածների լույսի ներքո մեղավորները պետք է պատիժ կրեն