Արմինֆո.Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխխոսնակ, Երկրապահ կամավորական միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ով մեղադրվում է երկրում իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձի համար, անօրինական է համարել իր նկատմամբ դատական գործընթացը, քանի որ դատարանը կողմնակալ է եւ անարդար:
"Մենք չենք ընդունում այս իշխանությունը, և այն կհեռանա այս տարի", - ասել է Բազեյանը ճեպազրույցի ժամանակ՝ "անհարգալից պահվածքի համար" դատարանի դահլիճից հեռացվելուց հետո:
Նա վստահեցրել է, որ մտադրություն չի ունեցել կառավարության շենքի վրա հարձակում կազմակերպել կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերացնելու ծրագիր իրականացնել:
"Ես դատական նիստերի ժամանակ էլ ասել եմ, որ եթե նման մտադրություններ ունենայի, ապա այն դիպուկահար հրացանը, որը վերցրել էին ինձանից, թույլ կտար ինձ 500 մետր հեռավորության վրա նշանառության տակ առնել և Նիկոլ Փաշինյանի հարցը լուծել։ Բայց Նիկոլի ֆիզիկական հեռացումը ոչ մի խնդիր չի լուծի", - նշել է Բազեյանը։
Նրա խոսքով՝ նման գործողություններն ապարդյուն կլինեին, քանի որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը մեծամասնություն ունի Ազգային ժողովում: Բազեյանը վստահեցրել է, որ եթե անգամ դա տեղի ունենար, կուսակցությունում կարող էին կրկին իրենց "մարդուն" ընտրել վարչապետի պաշտոնում, որպեսզի շարունակեն իրենց քաղաքական գիծը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր իշխանության բռնի զավթման փորձը կանխելու մասին ։ Իսկ արդեն սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ալբերտ Բազեյանը և "Խաչակիրներ" ռազմահայրենասիրական կազմակերպության 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը յուրացնելու փորձի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Ինքը ՝ Բազեյանը, չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները։