Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կոչ է անում քաղաքացիներին բոյկոտել եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իշխանությունների նորամուծությունը: Քաղաքական գործն այդ առնչությամբ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։
Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2.600.000 քաղաքացի։
Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։
Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)», - նշել է Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականից Հայաստանում սկսվել է հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Արդեն 2024 թվականի մայիսի 1-ին հայտարարատուների առաջին խումբը հարկային հայտարարագիր է ներկայացրել։ Առաջին փուլում 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցնում են համայնքային կամ պետական պաշտոններ՝ համաձայն "Պետական ծառայության մասին" օրենքի։ Բացի այդ, առաջին փուլում ընդգրկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակից (բաժնետեր, բաժնային սեփականատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, ովքեր 2022 թվականի արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ, ինչպես նաև "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքի համաձայն, իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները և նրանք, ովքեր 2023 թվականին ստացել են 20 մլն դրամ և 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր են ներկայացնելու այն քաղաքացիները, ովքեր մասնավոր հատվածում վարձու աշխատողներ են, և նրանք, ովքեր քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ են ստացել: 2025 թվականին հայտարարատու կդառնան մնացած բոլոր ռեզիդենտ քաղաքացիները։ Հայտարարագրերը պետք է ներկայացնել մինչև հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը: Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից ազատված են բոլոր անչափահաս անձինք։