Արմինֆո. Հայաստանի խորհրդարանում հանրապետության քարտեզի հետ կապված այսօրվա միջադեպը վկայում է երկրում թուրքական գրաքննության գործողության մասին։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում այդպես է մեկնաբանել այն միջադեպը, երբ այսօր խորհրդարանի նիստում պատռվել է Արցախի և Հայաստանի միացյալ քարտեզը:
«Մի դեպք հիշեցի։ 2021 թ. սեպտեմբերին, կապիտուլյանտների կողմից թուրքերին նվիրված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների ավտոբուսը զենքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ ավտոբուսի վրայից քերել էր Արցախի դրոշն ու զինանշանը։
Այսօր՝ 2025 հունվարին ՀՀ դ-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի խորհրդարանում պոկվեց Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միասնական քարտեզը։ Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել։ Ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն (ցենզուրա)։
Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով։ Վառ վկայությունը «Արցախ» բառն արտասանելու համար դե-ֆակտո վարչապետի խոսնակի ներողություն խնդրելը։
Էս ամենը քաջածանոթ է մեզ՝ մասնագետներիս։ 19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։
Ենթադրում եմ, որ սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով։ Եթե չդիմադրենք, նոր առիթներ էլ կունենա», - ընդգծել է թյուրքաագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուսանկար էր հրապարակել օրենսդիր մարմնի նիստերի դահլիճից, որտեղ Արցախի հետ Հայաստանի քարտեզը փոխարինվել է նորով՝ առանց ԼՂՀ-ի:
"Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով այն բանին, որ ԱԺ դահլիճի պատին, այսպես ասած, նոր քարտեզ է փակցվել, ԱԺ ամբիոնին է փակցրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը ՝ յոթ շրջաններով: Այն պոկել է խորհրդարանի անվտանգության աշխատակիցներից մեկը։
Հավելենք, որ ՀՀ կառավարությունն էլ ավելի վաղ հավանություն էր տվել "Պետական օրհներգի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: Այդ առնչությամբ ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ չի կարելի փոխել Հայաստանի պետական օրհներգի տեքստը ՝ ելնելով անձնական ճաշակից և նախասիրություններից: Նա նաև հիշեցրել է, որ նման պահանջները հակասում են "Պետական օրհներգի մասին" օրենքի հիմնական դրույթներին: