Արմինֆո.Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ Երեւանում կրկին կցուցադրվի "Ախթամար. Լեգենդ սիրո մասին " արտասովոր սառցե ներկայացումը, որը հիմնված է բնօրինակ սյուժեի վրա, բայց առաջարկում է նոր հայացք հայտնի պատմությանը:
Սառցե ներկայացումը հանդիսատեսին կպարգևի վառ զգացողությունների փունջ. մասշտաբային սցենոգրաֆիա, գունագեղ ոճավորված զգեստներ, երևակայությունը ցնցող հատուկ էֆեկտներ: Ջուրն ու կրակը կդառնան անհավատալի դեկորացիաներ, որոնցում կծավալվի դրամատիկ, բայց լույսով լի սիրո պատմությունը: Դա կլինի նոր ձևաչափի սառցե ներկայացում, որտեղ ավանդականը զուգորդվում է սառույցի վրա մուլտիմեդիա ներկայացման հետ: Շոուին մասնակցում են Հայաստանի գեղասահքի աստղերը:
Նախագծի վրա, ընդհանուր առմամբ, աշխատել է միջազգային թիմի ավելի քան 200 մարդ, ովքեր ցանկանում էին ամբողջ աշխարհի մարդկանց ցույց տալ հայոց հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հպարտ հայ ժողովրդի հոգու վեհությունը: Ներկայացման բեմադրիչը պարուսույց-բեմադրող, գեղասահորդ, գեղասահքի մարզիչ, համաշխարհային շոուների արտիստ և պարող Դմիտրի Լապշինը։ Շոուի կոմպոզիտորը Ալեքսեյ Գալինսկին է (2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում գեղասահքի ցուցադրական ելույթների երաժշտական նվագակցության հեղինակ): Դուդուկի պարտիան 2018թ. կատարել և ձայնագրել է լեգենդար Ջիվան Գասպարյանը: Զգեստների վրա աշխատել է պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ ՝ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ։ Նախագծի ստեղծարար տնօրենն է Ստանիսլավ Կորչևսկին, ներկայացման պրոդյուսերն է Զառա Մխեյանը:
Նշենք, որ միջոցառումը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 19:00-ին, Երևանի «սառցե արենա»-ում (Իսակովի պողոտա 27/10): Տոմսերի գները. 6000 - 15 000 դրամ, ՎԻՊ՝ 20 000 դրամ:
Հիշեցնենք, որ "Ախթամար. Լեգենդ սիրո մասին" սառցե ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2018թ. նոյեմբերի 25-ին՝ Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: