Արմինֆո. Միասնական հանրապետական շտապ օգնության ծառայությունը 2025 թվականի ընթացքում կսկսի գործել ողջ երկրում։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ 2024 թվականին տվյալ ծառայությունը գործարկվել է հանրապետության հյուսիսային հատվածում՝ Շիրակի և Տավուշի մարզերում՝ Գյումրիում գործող օպերատիվ կառավարման կենտրոնով:
Այդ փոփոխությունները, նախարարի խոսքով, հանգեցրել են այն բանին, որ կանչի ժամանակը կրճատվել է, միջին հաշվով, 4 րոպեով ։ Փոխվել է նաև կանչի բովանդակությունը. այսուհետեւ բաժանվում են շտապօգնության և հոսպիտալացման կանչերը, ինչը բարձրացնում է տվյալ ծառայության աշխատանքի արդյունավետությունը:
Նախարարը նշել է, որ վերանայվել է նաև կանչի արժեքը, ինչի հետևանքով հաջողվել է իրականացնել միասնական շտապօգնության ծառայության աշխատակիցների վերապատրաստում, իրականացնել տեխնիկական վերազինում: Բացի այդ, ընթացիկ տարում կվերանայվեն այդ աշխատակիցների աշխատավարձերը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա մատուցվող ծառայությունների որակի վրա։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի գարնանը Անահիտ Ավանեսյանը հաղորդել էր, որ միասնական շտապօգնության ծառայության ներդրումը պայմանավորված է նրանով, որ շատ հաճախ ֆիզիկական հարևանությամբ գտնվող շտապօգնության մեքենան չի կարող սպասարկել կանչը, քանի որ այն պատկանում է այլ ԲԿ-ի կամ այլ մարզի, և, ըստ այդմ, այդ կանչը չի մտնում իր սպասարկման դաշտ: <Մենք փոխում ենք ծառայության ողջ սկզբունքը: Եվ հիմա կանչերը կընդունվեն մեքենայի ֆիզիկական մոտիկության սկզբունքով", - պարզաբանել է Ավանեսյանը։