Արմինֆո. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է նաև հանրապետության տարածքում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ատոմային մոդուլային էլեկտրակայանների կառուցում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում:
«Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի: Հիշեցնեմ, որ Վարաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:
Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Միջուկային էներգետիկայի ոլորտում կարծում եմ ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում:
Հիմա հարց: Արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ: Սա առավել բարդ է լինելու և կախված է բացառապես մեր աշխատանքից», - ընդգծել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդագրություն էր ստացվել այն մասին, որ այսօր ՝ հունվարի 14-ին, Վաշինգտոնում կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: