Արմինֆո. Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի համոզմամբ՝ միջազգային կառույցներին հայցեր ներկայացնելը ինչ-որ չափով նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:
Հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում Կիրակոսյանը նշել է, որ պետությունների միջև ծագող բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով՝ միջազգային մեխանիզմների գործարկմամբ: Իսկ դա նշանակում է օրենքների գերակայություն, ռազմական գործողությունների կանխարգելում եւ այլն: Մասնավորապես, ինչպես նշել է Կիրակոսյանը, ռասայական խտրականության մասին Հայաստանի հայցերից մեկը հենց պատերազմի կանխմանն է ուղղված:
Պաշտոնյան նշել է, որ միջազգային դատարաններ հայցեր է ներկայացնում ոչ միայն Հայաստանը, այլև՝ Ադրբեջանը: "Բայց այստեղ հարց է առաջանում. եթե Ադրբեջանն այդքան վստահ է իր իրավացիության մեջ, ապա ինչու՞ է պնդում, որ դատական գործընթացները դադարեցնեն", - հարց է տվել Կիրակոսյանը։
Նա նշել է, որ հայկական կողմն ավելի վաղ ներկայացրել է իր պահանջները Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ: Ի պատասխան այդ պահանջների՝ ՄԻԵԴ-ը Բաքվից պահանջել է մանրամասն տեղեկություններ Ադրբեջանում պահվող բոլոր հայերի վերաբերյալ։ Պատասխանը պետք է ստացվի մինչև հունվարի վերջ:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում պետք է սկսվեն հայ գերիների վերաբերյալ լսումները, որոնց թվում են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: