Արմինֆո. Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: "Խաղաղության համաձայնագրում կա ընդամենը մի քանի չհամաձայնեցված կետ, որոնք քննարկում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Անհրաժեշտ է ավարտել դրանց համաձայնեցումը և ստորագրել պայմանագիրը։ Հուսով ենք, որ 2025 թվականին կայուն խաղաղություն ձեռք կբերվի, և տարածաշրջանը կբարգավաճի", - ասել է նա։
Թուրք նախարարը հայտարարել է, որ դրա համար տարածաշրջանում "պատմական" հնարավորության պատուհան է բացվել։ "Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ է գործում երկարաժամկետ շահերից ելնելով, և կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձն այդ ուղղությամբ", - ասել է Ֆիդանը ՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջին ուղերձը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու կոչով:
Ֆիդանի ասելով՝ Փաշինյանն "արտահայտում է խաղաղ դիրքորոշում և նպաստում կարգավորման գործում առաջընթացին": "Մենք շարունակում ենք աջակցել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին", - ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հրապարակել էր 10 կետից բաղկացած ուղերձ, որոնց իրականացումը երկարաժամկետ խաղաղություն կապահովի Բաքվի և Երևանի միջև: Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել այդ ուղերձը։