Արմինֆո. Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռդիոկայանը՝ հղում անելով բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակին:
«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», - նշում է աղբյուրը։
ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ի փետրվարին։ Շուրջ 100 քաղաքացիական դիտորդների թիվը ամիսներ անց կրկնապատկվեց։ Բաքուն տևական ժամանակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ՝ պահանջելով Երևանից դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը սահմանին:
Ի պատասխան Ադրբեջանի այդ մեղադրանքներին՝ Բարձր ներկայացուցչի գրասենյակում նշել են. «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։
Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրում կողմնակի ուժերի չտեղակայման մասին կետերից մեկը վերաբերում է Հայաստանի գործողություններին։ "Այսպես կոչված՝ եվրոպացի դիտորդների անվան տակ սահմանին ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք։ Հայաստանի եւ Եվրամիության համաձայնությամ սահմանին տեղակայված է ԵՄ առաքելությունը ՝ պլանային պարեկություն իրականացնելու և իրավիճակի մասին հաշվետվություններ ներկայացնելու, սահմանամերձ շրջաններում կայունությանն աջակցելու համար", - հայտարարել էր Ալիևը։
Հավելենք, որ ավելի վաղ Բաքվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, թե Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը և այդ երկրի սպառազինումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ոչ թե նպաստում են խաղաղությանը, այլ, հակառակը, ուժեղացնում են ռևանշիստական տրամադրություններն Ադրբեջանի նկատմամբ: