Արմինֆո. Մինչև վերջերս դե յուրե անհասկանալի էր, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի պաշտոնապես հաստատված պետական օրհներգը։ Այդ մասին հունվարի 10-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է "Պետական օրհներգի մասին" օրենքում փոփոխությունների համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցին Հայաստանում բավարար ուշադրություն չի դարձվել։ Մի շարք դեպքերում դիտվել է մի պատկեր, երբ մի դեպքում օրհներգը կատարվել է արագ տեմպով, մյուս դեպքում՝ դանդաղ տեմպով։ Ավելին, օրհներգի կատարման ժամանակ հաճախ օգտագործվել են տարբեր նոտաներ, իսկ որոշ դեպքերում հնչում էր վերջին երկու տողերի կրկնություն։ Օրենքի նախագծով նախատեսվում է, որ երկրի խորհրդարանում ներկայացված փաստաթղթի ընդունումից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կներկայացնի պետական օրհներգի վերջնական տարբերակը:
Օրինագծի նպատակն է ստեղծել օրհներգի միասնական տարբերակ, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ: Այդ փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միատեսակություն:
Պատգամավորներն առաջարկել են նաև հանել հետևյալ քառատողը. "Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի": Նախագծով առաջարկվում է նաև օրհներգի վերջին քառատողը տեղադրել առաջին քառատողից հետո, որպեսզի օրհներգի տեքստն ավարտվի ոչ թե "Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի", այլ՝ "Թող միշտ պանծա Հայաստան" բառերով:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարությունը դեմ չէ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: Նրա խոսքով ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ բոլոր դպրոցներում և բուհերում, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է հնչի երկրի պետական օրհներգը:
Նշենք, որ օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, և այժմ այն կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում: