Արմինֆո.Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում տեղի կունենա ուզբեկ դասական Ալի Խամրաևի «Փարաջանովի մանուշակագույն քամին» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
Նշենք, որ ֆիլմի օպերատորը Յուրի Կլիմենկոն է: Ֆիլմում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի Տաշքենդ կատարած այցի վավերագրական կադրերը, խոսվում է կինոյի վարպետների բարեկամության մասին, որը մեծ հետք է թողել Խամրաևի սրտում:
Ուզբեկստանում ստեղծագործության երկրպագուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ռեժիսորը նշել է, որ սա շատ անձնական կինո է, քանի որ Փարաջանովին ցույց է տվել այնպես, ինչպես ինքն է տեսել: Նման վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարը Խամրաևի մոտ ծագել է դեռ 2023 թվականի գարնանը։
Instagram-ի իր էջում ռեժիսորը պատմել է, որ 1985-ին Տաշքենդում Փարաջանովի խնդրանքով իրենք հայտնվել են ուզբեկական հարսանիքում։ «Փարաջանովին շատ է դուր եկել այն սովորույթը, երբ տյուբիտեյկայով պարող կամ երգող աղջիկներին հյուրերը տալիս են 1 ռուբլի, 2 ռուբլի, երբեմն՝ 5 ռուբլի թղթադրամներ: Նա հանել է թերթերով փաթաթված թղթադրամների փաթեթները (դրանք սիրելի ռեժիսորին տրամադրել էին Թբիլիսիի քրեականները) և սկսել է պարողների ասեղնագործ տյուբիտեյկաների տակ տասանոց ու հարյուրանոց թղթեր խցկել։ Բոլոր երաժիշտ աղջիկները մեկ րոպե անց պարում և նվագում էին միայն Փարաջանովի համար»,- հիշողությունները կիսել է Խամրաևը:
Նշենք, որ Ռոտերդամի կինոփառատոնը կանցկացվի հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 9-ը:
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր և սցենարիստ Ալի Խամրաևն ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, "Ուզբեկֆիլմ" կինոստուդիայի կինոռեժիսոր է: Նա Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ է (1969), Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1971), "Արծաթե սիրամարգ" մրցանակի դափնեկիր՝ Նյու Դելիի միջազգային կինոփառատոնի լավագույն ռեժիսոր անվանակարգում (Հնդկաստան, 1976):