Արմինֆո. Բաքվում կրկին դժգոհություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության առնչությամբ:
Նախօրեին Բաքվում Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱՀ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ այդ երկրի սպառազինումը չեն ծառայում այդ խաղաղությանը, այլ, հակառակը, նման գործողություններն ուժեղացնում են ռևանշիստական տրամադրությունները Ադրբեջանի նկատմամբ:
Մամեդովը ԵՄ ներկայացուցչին ծանոթացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացիկ փուլին և երկկողմ ձևաչափով ձեռք բերված առաջընթացին: "Քննարկվել է ԵՄ հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու, ականապատված տարածքները ականազերծելու և տարածաշրջանային կապերը վերականգնելու հարցում", - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարաաածել են տեղական ԶԼՄ-ները:
Նշենք, որ ավելի վաղ Գրոնոն հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: