Արմինֆո.Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, էսկալացիայի վտանգ միշտ էլ կա։ Այդ մասին հունվարի 8-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
"Քանի դեռ մենք Բաքվից լսում ենք նման հռետորաբանություն, ես միշտ էսկալացիայի վտանգ եմ տեսնում։ Եվ այդ էսկալացիան կանխելու համար գոյություն ունի, այդ թվում, սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Եվ քանի դեռ կան այդ անհիմն մեղադրանքները, մենք կարիք ունենք երրորդ կողմի չեզոք միջնորդության։ Եվ մենք հույս ունենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշումը կընդունվի, և եթե այն ընդունվի, մենք կողջունենք դա", - ասել է նա, միաժամանակ նշելով, որ նրանց ներկայությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը դրա կարիքը կունենա։
Ընդ որում, նախարարը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագրի ստորագրում, այլապես այն արդեն ստորագրված կլիներ։ Սակայն, Միրզոյանի խոսքով, դա չի նշանակում, որ պետք է հանձնվել, այլ, ընդհակառակը, հակառակ ամեն ինչի, պետք է շարունակել ջանքերը։ "Մենք իսկապես ցանկանում ենք Հարավային Կովկասում խաղաղության պայմանագրի հաստատում և բոլոր սահմանների ու կոմունիկացիաների բացում։ Պետք չէ ամեն ինչին նայել վարդագույն ակնոցներով, բայց պետք չէ նաեւ չափից դուրս հոռետես լինել", - նշել է նա։
Հայաստանի արտգործնախարարը նաև վստահեցրել է, որ անկլավների հարցն այսօր չի քննարկվում, սակայն հրաժարվել է հայտնել, թե որ հատվածում է շարունակվելու Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը: Նրա խոսքով՝ ինքը կսկսեր ամենաքիչ խնդրահարույց հատվածներից, ամենախնդրահարույցները թողնելով ավելի ուշ փուլի, սակայն կորոշեն հանձնաժողովները։ Նա կոչ է արել հանձնաժողովներին ժամանակ տալ լիարժեք քննարկելու բոլոր հարցերը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ադրբեջանական կայքերում հնարավոր չէ ծանոթանալ հանձնաժողովների կանոնակարգի ռուսերեն կամ անգլերեն տարբերակին, նախարարը պարզաբանել է, որ կանոնակարգը համաձայնեցվել է ռուսերենով, այնուհետև թարգմանվել է հայերեն և ադրբեջաներեն, ընդ որում, հայերեն թարգմանությունը փորձաքննություն է անցել Ադրբեջանում և հակառակը: Նա հավելել է, որ չի ուսումնասիրել, թե արդյոք այդ փաստաթղթերը հասանելի են ադրբեջանական ռեսուրսներում։