


Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
«Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է. խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից; եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը; մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ; եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ; մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար; հագնվե´ք եղանակին համանունչ; պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը; օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ; հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները; հետևե´ք անձնական հիգիենային», - ասվում է հաղորդագրությունում:



