Արմինֆո. Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։
Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու՝ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։ Ուստի մեզ համար լիովին ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե խափանման, այլ պատժելու ու ցավացնելու նպատակ հետապնդող սահմանափակման հետ։ Շատ շուտով գործը կուղարկվի դատարան, և հունվարի սկզբներին այս գործի մասին կխոսենք ավելի մանրամասն», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 25-ին, իսկ 2 օր անց դատարանը նրան կալանավորել էր խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Հունիսի 13-ին դատարանը Սարգսյանին երկու ամսով տնային կալանքի էր ուղարկել ։ Հուլիսի 19-ին դատարանը վարչական հսկողություն է կիրառել Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ: